Հեռացողի անօգնական բողոքը
Հուլիս 05, 2016


Հայաստանում մարդիկ տառապում են գրեթե միանման, բայց արտագաղթում են յուրովի. մեկը հեռանում է լուռ` ցավը սրտում և արդեն կարոտած, մյուսը՝ վերադառնալու խոստումով, որին ինքն էլ չի հավատում: Եվ կան մարդիկ, ովքեր հեռանում են բարձրաձայն աղմուկով՝ դուռը շրխկացնելով մնացողների երեսին: Նրանց վերջին բողոքը կարծես ինքնասպանի երկտող լինի՝ ես հեռանում եմ այս ճահճից ու ձեզանից, մի օր դուք կփոշմանեք, որ ես գնացի, բայց արդեն ուշ կլինի: Մի կողմից իր արարքն արդարացնելու, մյուս կողմից՝ սեփական կարևորությունը մեծացնելու հոգեբանությունն է արտագաղթողին դրդում նման քայլի: Ես կգնամ այնտեղ, ուր ամեն ինչ լավ է, և իմ մոտ ամեն ինչ լավ կլինի: Դուք եք տուժելու, որ թույլ տվեցիք՝ ես գնամ:

Եթե նույնսիկ նա ապրել է լուռ՝ այն երկրում, որտեղ ամեն ինչ վատ է, դա չի խանգարում, որ հեռանա ընդվզելով: Իսկ եթե նա աներ հակառակը՝ մնալիս ընդվզեր, այլ ոչ թե լռեր, գուցե հեռանալու կարիք չլինե՞ր: Գուցե լռության տրամաբանական շարունակությունը հեռանա՞լն է:

Անարդար երկրում լռությունը նման է պատերազմի դաշտում չարձակված փամփուշտի: Մի օր լռությունդ քեզ է վերադառնում հանդիպակաց եկող փափուշտով, և անարդար երկրի ձեռքերը հասնում են քո մարմնին: Այդ անարդար երկիրը, որի մասին դու միշտ գիտեիր, բայց ոչ թե սեփական, այլ ուրիշի կենսափորձով, հիմա շոշափում է քո կյանքը, թակում է տանդ դուռը, հասնում քո աշխատասենյակ, դիպչում ընտանիքիդ անդամներին: Մեկ ուրիշն էլ քո կենսափորձով կիմանա, թե որքան անարդար է երկիրը, բայց նորից կլռի, որովհետև հազար անգամ լսել է, բայց մեկ անգամ չի տեսել, կես անգամ չի զգացել:

Եվ լռության սիմֆոնիան կշարունակվի՝ թմրեցնելով բոլոր նրանց, ովքեր իրենց հարմարավետության գոտում տեղավորված՝ անհոգ ապրում են, քանի դեռ անարդար երկիրը ծավալվում է իրենց քթի տակ, բայց տանելի հեռավորության վրա, ինչպես տեռորիզմը Մերձավոր Արևելքում՝ և մոտ է մեզ, և հեռու: Հարկայինի տեռորն էլ՝ նման է դրան. քանի դեռ մեր գրպանին չի հասնում, մենք անտարբեր ենք, իսկ անտարբերությունը դառնում է հոգևոր խաղաղության գրավական:

Միայն պատկերացրեք, եթե մարդն ամեն առավոտ արթնանալով՝ մտածեր մոլորակի բոլոր սովածների և անտունների մասին, ապրումակցեր հիվանդներին ու կարիքավորներին. խելագարվել կարելի է: Անտարբերությունը զենք է, որով կարելի է պաշտպանվել շրջակա աշխարհի ճնշումներից, բայց և հնարավոր է մեկուսանալ աշխարհից ու կորցնել իրականության զգացումը:

Կարելի է հասկանալ մարդուն, քանի դեռ նա լավ է ապրում, հացի խնդիր չունի՝ անտարբեր է: Եթե նույնիսկ երկիրը անարդար է, դա իր անարդարությունը չէ, այլ մյուսների, ովքեր սոված են ու աղքատ:

Սոցիալական դարվինիզմ է՝ ուժեղներն ու ճարպիկները հարմարվում են ու հաղթում, թույլերը՝ մնում են խաղից դուրս ու պարտվում: Ոչինչ, որ յուրաքանչյուր երրորդ մարդը Հայաստանում պարտված է ու աղքատ: Կարելի է դրա հետ ապրել, քանի դեռ աղքատությունը երրորդ դեմքով է ներկայանում, ոչ թե առաջին: Քանի դեռ անարդարությունը թակում է հարևանի դուռը ու հեռանում, ժամանակավորապես: Իսկ այդ ընթացքում շատերն ապրում են լուռ ու մունջ, մինչև կգա իրենց հերթը, և այդժամ նրանք զարմանքով կհայտնաբերեն, որ այս երկիրն ապրելու տեղ չէ՝ իրենց երկարատև լռությունը խախտելով դռան անօգնական շրխկոցով: 

http://www.lragir.am/index/arm/0/society/view/135304

ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ
Print article
www.armenia.li • առաջատար տեղեկատվական կայքերի վերջին նորությունները
 
2700chess.com for more details and full list