Եթե իրոք ուզում ենք նոր որակի ընտրություն, ապա ․․․
Լուսավոր Հայաստան Կուսակցության առաջարկությունները նոր ընտրական օրենսգրքում ընտրակեղծիքների բացառման, ամուր կառուցակարգեր ներդնելու և օրենսդրական համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումներին ընդառաջ` Լուսավոր Հայաստան կուսակցության Խորհուրդը, քննարկելով ընտրական օրենսդրության վերաբերյալ կուսակցության մոտեցումները, վերահաստատում է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից դեռևս 2015 թվականի նոյեմբերի 10-ին հրապարակային ներկայացված առաջարկություններն առ այն, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել նախորդ տարի Ղրղզստանում կիրառված ընտրական առաջավոր փորձը: Ներդրված մեխանիզմներն ամբողջությամբ մաքրում են ընտրացուցակները, բացառում լցոնումները, մահացածների և երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները և «ընտրական կարուսելների» կազմակերպումը: Հիշեցնենք, որ Ղրղզստանում 2015թ. նոյեմբերին անցկացված ընտրությունների գործըթացի և դրանց արդյունքների կապակցությամբ բարձր գնահատականներ են տրվել ինչպես Եվրոպական կառույցների, Ռուսաստանի և ԱՄՆ-ի , այնպես էլ Ղրղզստանում ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի կողմից: Այդ երկրի իշխանությունների կողմից ցուցաբերված քաղաքական կամքի շնորհիվ ընտրություններից մեկ տարի առաջ հայտարարվել և իրականացվել էին հետևյալ բարեփոխումները. 
-Կենսաչափական քարտերի տրամադրում, առանց որոնց անհնար է մասնակցել ընտրություններին:
-Ընտրատեղամասերում պատասխանատվությունը կիսված է անձնագրային վարչության և ընտրական հանձնաժողովի միջև. անձնագրային վարչությունը վարում է ընտրողների տվյալների ռեգիստրը և տրամադրում կտրոն, որի հիման վրա ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը պետք է տրամադրի քվեաթերթիկ: 
-Բոլոր ընտրատեղամասերում ներդրվել է էլեկտրոնային քվեատուփեր և այլ տեխնիկական միջոցներ:

Ընտրական պրոցեսը սկսվում է հետևյալ կերպ. 
-Քաղաքացին, մուտք գործելով ընտրատեղամաս, ներկայացնում է իր կենսաչափական նույնականացման քարտը և մատը դնում համապատասխան սարքի վրա, որը ցույց է տալիս վերջինիս նկարն ընդհանուր էկրանի վրա, ինչպես նաև տպում կտրոն՝ տվյալ անձի բիոմետրիկ տվյալներով: 
-Եթե անձն այդ օրն արդեն քվեարկել է, ապա սարքը ընդհանուր մոնիտորի վրա ցույց է տալիս, թե այդ անձը երբ և որտեղ է քվեարկել: Տեղամասում գտնվող դիտորդներն ու վստահված անձիք էկրանի միջոցով հավաստիանում են, որ դրա վրա արտացոլված և ներկա անձը նույնական են և կասկածներ չեն առաջանում, օրինակ` մահացածների կամ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ: 
-Ստացված կտրոնով անձը մոտենում է ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին և ստանում քվեաթերթիկ, որի վրա կարող է նշում կատարել բացառապես քվեախցիկում տեղադրված գրիչով, այլապես էլեկտրոնային քվեատուփը չի ընդունի այդ քվեաթերթիկը: 
-Քվեարկության ավարտից հետո քվեատուփն ավտոմատ հրապարակում է ընտրությունների արդյունքները և տպում արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որտեղ նշված է, թե որ կուսակցությունը որքան ձայն է հավաքել և քանի անվավեր քվեաթերթիկ կա արկղում, ինչից հետո, համաձայն օրենքի, քվեատուփերը բացվում են և քվեաթերթիկների քանակը մեկ անգամ ևս հաշվվում են՝ դրանք համեմատելով էլեկտրոնային քվեատուփի հաշված տվյալների հետ: Վերջում համեմատվում են բիոմետրիկ տվյալներով կտրոնների և քվեարկած թերթիկների քանակը, ապա կազմվում համապատասխան արձանագրությունները:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը վստահ է, որ այս փորձն անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել և ներդնել նաև Հայաստանում, քանի որ մենք ևս ներդրել ենք կենսաչափական անձնագրերի և քարտերի համակարգ և ունենք ընտրակեղծիքների բացառման իրական մեխանիզմների կիրառման և ընտրական գործընթացի կազմակերպման մակարդակի բարձրացման անհրաժեշտություն:

Ելնելով վերոգրյալից` Լուսավոր Հայաստան Կուսակցությունն առաջարկում է նոր ընտրական օրենսգրքում, ինչպես նաև համապատասխան այլ իրավական ակտերում ամրագրել հետևյալ մեխանիզմները.

1. Հայաստանի Հանրապետության` ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին կենսաչափական քարտերի տրամադրում, առանց որոնց հնարավոր չէ մասնակցել Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրություններին:

2. Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում տեղադրել համակարգչային տեխնիկա, որով անձի ինքնությունը կհաստատվի մատնահետքի և բիոմետրիկ քարտի միջոցով, իսկ ընտրողի լուսանկարն ու տվյալները տեղամասում տեղադրված էկրանի օգնությամբ տեսանելի կլինեն դիտորդների և վստահված անձանց համար:

3. Տեղամասում ընտրական գործընթացի պատասխանատվությունը կիսել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և ընտրական հանձնաժողովի միջև: Անձնագրային և վիզաների վարչությունը վարում է ընտրողների տվյալների ռեգիստրը և տրամադրում կտրոն, որը վերցնելով՝ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը տրամադրում է քվեաթերթիկ: Այսպիսով՝ ընտրացուցակների հետ առաջացած ցանկացած խնդիրների և անճշտությունների բացառման համար (մահացած անձանց փոխարեն քվեարկություն, բացակա ՀՀ քաղաքացիների փոխարեն քվեարկություն և այլն) կլինեն կոնկրետ պատասխանատու մարմիններ, տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:

4. Հանրապետության բոլոր տեղամասերում տեղադրել էլեկտրոնային քվեատուփեր, որոնք ընտրությունների ընթացքում ավտոմատ կտեղեկացնեն մասնակցած ընտրողների թվի մասին, իսկ ընտրությունների ավարտից անմիջապես հետո կհրապարակեն դրանց արդյունքները և կտպեն արձանագրություն: Դրանից հետո ևս մեկ անգամ ավանդական ձևով կկատարվի ձայների հաշվարկ և ստացված արդյունքները կհամեմատվեն էլեկտրոնային քվեատուփերի հաշված տվյալների հետ: Այսպիսով՝ էլեկտրոնային քվեատուփերի ներդրման միջոցով ոչ միայն կբացառվեն լցոնումները, այլ նաև ընտրությունների ավարտից րոպեներ անց հասարակությունը կիմանա ընտրության արդյունքները:

5. Բոլոր ընտրատեղամասերի էլեկտրոնային քվեատուփերը ընդհանուր էլեկտրոնային ցանցի միջոցով միացնել մեկ ընդհանուր համակարգչի (սերվեր), որի օգնությամբ հասարակությունը ընտրության ընթացքում կտեղեկացվի ընտրություններին մասնակցած ընտրողների ընդհանուր, ինչպես նաև առանձին տեղամասերում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ճշգրիտ թվին, իսկ ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրությունների ընդհանուր, ինչպես նաև ըստ տեղամասերի արդյունքների վերաբերյալ տվյալներին: