Ինքնիշխանության գինը
Մայիսի 28-ին մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: 98 տարի առաջ Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հայի հավաքական ոգին վերանվաճեց ինքնիշխանության իրավունքը։ Այդ իրավունքը վերահաստատվեց երկրորդ համաշխարհայինի, և արցախյան գոյամարտի տարիներին։ Փառք ու պատիվ մեր բոլոր մարտիկներին։ Բայց չէ որ ինքիշխանության իրավունքը դեռ ինքնիշխանություն չէ։ Այս առումով հոդվածում տեղ գտած մտքերն ուղղված են ինքնիշանության արժեքի բացահայտմանը, իսկ քննադատությունը՝ համախմբանն ու միասնական գործողությանը։

Պետության ինքնիշանության մակարդակն ու ընկալումը ժամանակակից փոխկապակցված տնտեսությունների ու գլոբալացման պայմաններում որոշակիորեն փոփոխվել է, սակայն այն առաջվա պես պետական ինստիտուտների կայացմանն ուղղված գործընթաց է։ Այն առաջին հերթին պատասխանատվությունն է օրենքի առջև և համաքաղաքացիների նկատմամբ։ Սակայն չգիտես ինչու ամեն տարի մենք տոնում, ցնծում ենք ոչ թե ինքնիշխանության իրավունքի ձեռքբերման, այլ հենց փաստացի ինքնիշխանության ընկալման կեղծ զգացումով, կարծես թե ողջ տարվա ընթացքում վաստակել ենք այն։ Ինչու՞ է դա այդպես։ Միգուցե հենց սրանով էլ բացատրվու՞մ և հիմնավորվու՞մ է մեր ու պետության ինքնիշխանության պակասը։

Ինքնիշխանությունը սեփական կարողությունների և հնարավորությունների նկատմամբ հավատի հիմնավոր զգացումն է։ Երկրաշարժի ու պատերազմի մութ ու ցուրտ տարիներին մարդիկ պայքարում էին անասելի համառությամբ ու հպարտությամբ, քանի որ հավատում էին։ Ցեղասպանության, ստալինյան բռնաճնշումների և համաշխարհայինի զրկանքների տարիներին բնակչության աճի տեմպերն անհամեմատ ավելի բարձր էին։ Այն ժամանակ հավատն այնքան նյութապաշտ չէր, որքան մեր օրերում շատերը փորձում են նկարագրել։ Իսկ այսօր շուկայում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ բացի հավատից ինքնիշխանության ու ապագայի նկատմամբ։ Ինչի՞ց է դա։

Ինքնիշանությունը մտածելակերպ է,  նպատակադրում առ այն, որ քո և հարազատներիդ բարեկեցիկ կյանքը կապված լինի հայրենիքի, պետության ու միմիանց հավասարակշռող պետական համակարգերի  աշխատունակության հետ։ Դա նպատակադրումն է կառուցելու սոցիալապես ուժեղ, առաջադեմ հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն։ Հարց է առաջանում, արդյո՞ք մենք ճիշտ ճանապարհին ենք։ Հայկական պետականության շուրջ 700-ամյա բացակայության պայմաններում հային ճնշել ու նսեմացրել են հենց իր բնօրրանում, իսկ հայրենիքից դուրս բացվել են անհամեմատ ավելի լայն հնարավորություններ։ Այսօր մենք ունենք պետություն, բայց նկատեք, հայի աչքը նորից երջանկություն է փնտրում դրսում, իսկ հայրենադարձները հաճախ օտար են զգում հենց հայրենիքում։  Ինչու՞ է այդպես։ Իհարկե, մեզնից շատերը պատրաստ են պայքարել հայրենի ամեն հեկտար հողի համար, բայց չեմ սխալվի, եթե ասեմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը կհեռանար Հայաստանից կյանքի այս կամ այն փուլում՝ ավելի լավ կյանքի փնտրտուքի մեջ։ Ստացվում է, որ մարդիկ պատրաստ են զոհվել հայրենիքի համար, բայց այդ նույն հայրենիքում ապրել չեն ցանկանում։ Ինչու՞ է այդպես։

Ոգեկոչման այս ու նման օրերին մենք հպարտանում ենք մեր ողջ պատմությամբ, բայց հաջորդ օրը, մեղադրելով հայրենիքին բոլոր անհաջողություններում՝ գլխապատառ հեռանում՝ ինչպես մահացու հիվանդից։ Այնինչ պայքարել է պետք ոչ թե հիվանդի, այլ հիվանդության դեմ, խորացող անտարբերության և կոլեկտիվ անպատասխանատվության դեմ։ Ինքնիշխանության ճանաարհին հայրենիքը բուժել է պետք ախտածին իշխանություններից ու կոռուպցիայի մեջ թաղված իշխանավորներից։

Ընդհամենը 100 տարի առաջ այս կողմերում ընդհամենը 720 000 հայ էր ապրում։ Այնինչ անկախության տարիներին Հայաստանից հեռացել է կրկնակի շատ մարդ։ Ինքնիշխանության գինը  չարտագաղթելն է, կամ հետ վերադառնալն ու սեփական իրավունքների և դրանց արդյունավետ իրացման համար անզիջում պայքարն է։ Այնինչ բարձրաստիճան բազմաթիվ իշխանավորների զավակներ գերադասում են ծնել դրսում, որպեսզի ինչ որ պահի այս կողմերից փախնելը կամ տարածն օրինականացնելն ավելի դյուրին լինի։ Իսկ դուք նման քանիսի՞ն գիտեք։ Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի իշխանավորներ, որոնք ոչ միայն ապրում են հայրենասիրական գաղափարներով, այլև անմնացորդ ծառայում են պետությանն ու հանրային շահին, օրինակ ծառայում և աջակցում օրինակելիներին, այլ ոչ թե հիշում ու օգտվում են այս ու նմանատիպ բառակազմից միայն ընտրություններից առաջ։

Ինքնիշխանությունը սեփական թերությունները տեսնելու և ժամանակին շտկելու ազգային կարողությունն է, որի գինը պետք է գիտակցի ու վճարի հասարակության յուրաքանչյուր անդամը՝ ստեղծելով ու զարգացնելով ավելի ուժեղ և իմաստուն էլիտա։ Այնինչ այսօր էլիտան, փոխանակ նույնացվի բարձր գաղափարների ու առաջադիմության հետ՝ գերազանցապես ասոցացվում է փողի, շահագործման ու ինչ որ ցոփ հետաքրքրությունների հետ։ Ինչու՞ է այդպես։ Միգուցե մենք ինքնե՛րս ենք մեղավոր, քանի որ չե՛նք վճարում ինքնիշխանության մեր բաժինը։ Մենք, որ այնքան սիրում ենք հեռվից դատափետել իշխանավորներին ու հաջորդ քայլափոխին պարծենում նրանցում ունեցած մեր փայլուն կապերով։ Մենք, որ սիրում ենք բողոքել կոռուպցիայից՝ միայն պատեհ պահին սեփական շահի առաջխաղացման համար կոռուպցիոն «փոքրիկ» գործարքի գնալու համար։ Մենք, որ հարևաններից մեզ բարձր ենք դասում բայց անընդհատ ակնկալում նրանց անվերապահ աջակցությունը։ Մենք, որ պատճառներ ու լուծումներ ենք փնտրում ամենուր, բացի մեր իսկ սխալների ուղղման մեջ։ Ու քանի դեռ մենք մեր իսկ շրջապատում, մեծից փոքր, հիվանդից մինչև բժիշկ, շարքայինից մինչև գեներալ, ուսանողից մինչև դասախոս, ծառայողից մինչև ղեկավար, սկզբից կուլ ենք գնում, հետո հանդուրժում, հետո դառնում այն, ինչից բոլորովին վերջերս այդպես մոլեգին բողոքում էինք։ Քանի դեռ չենք մեկուսացնում, մեզնից հեռացնում ու մատով ցույց տալիս նմաններին՝ նման ենք լինելու այն ստրուկին, որը ոչ թե ազատության մասին է երազում, այլ ապագայում սեփական ստրուկների։

Շնորհավորելով ողջ հայությանը մայիսյան տոների կապակցությամբ ցանկանում եմ առանձնահատուկ կերպով ընդգծել, որ հենց ինքնիշխանությունն է ազգային անվտանգության այն հանգրվանը, որը կարող է ապահովել ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մեր կողմից արտասանված «Այլևս երբեք» բառերի խորհուրդն ու պատգամը։ Հետևաբար Հայաստանի ինքնիշխանությունը պետք է դառնա մեր ազգի  արթուն երազանքը, որի գինը այդ երազանքի իրականացմանն ուղղված յուրաքանչյուրիս ամենօրյա ջանքն է։


Արտակ Ոսկանյան