Պապը եւ Քիմը
Ի՞նչն է միավորում Քիմ Քարդաշյանին և Հռոմի պապին: Վերջին երկու տարիներին Հայաստանը համաշխարհային մամուլի առաջին էջերին ամենաշատը հայտնվեց Քիմ Քարդաշյանի և Հռոմի պապի Հայաստան կատարած այցերի շնորհիվ: Երկուսի դեպքում էլ տեղական մամուլը գրեթե ամբողջությամբ կլանված էր հյուրերի այցով՝ Քիմը վայրեջք կատարեց օդանավակայանում, Պապը եկավ նախագահական, Քիմը ճաշում է Հյուսիսային Պողոտայի ռեստորաններից մեկում, Պապը հիմա աղոթում է, Քիմը նկարվեց երկրպագուների հետ, պապը համբուրեց հաշմանդամներին, Քիմը գնաց Ծիծեռնակաբերդ, պապը գնաց Ծիծեռնակաբերդ: Նկարներ, նկարներ, նկարներ:

Պապը եկել էր առաջին քրիստոնյա երկիր, Քիմը եկել էր իր նախնիների հայրենիք: Հայաստանը երկուսին էլ ընդունեց ջերմորեն: Պարզվում է՝ Հայաստանում տեղ կա և Քիմի, և Պապի համար, այն էլ ի՜նչ տեղ՝ մարդկանց սրտերում, հաճախ՝ հենց նույն մարդկանց: Հարկավոր է շատ լայն սիրտ ունենալ՝ դրանում տեղավորելու աշխարհն իր ողջ բազմազանությամբ, գույներով ու ծայրահեղություններով: Իսկ Քիմը և պապը ներկայանում են որպես երկու ծայրահեղություններ, գոնե մարդկանց մտքերում: Էպատաժային Քիմը, ով կոտրում է բոլոր հնարավոր կարծրատիպերը և խախտում ավանդական բարոյականության կանոնները, և բարեպաշտ Պապը, ով բացառիկ մարդասիրության ու հավատքի աստվածային մարմնավորում լինի կարծես: Բայց արի ու տես՝ նրանք գալիս են Հայաստան ու ներդաշնակվում ինչ-որ նախանձելի խաղաղությամբ: Մի կտավ, տարբեր գույներ:

Բայց ամեն ինչ ավելի հետաքրքիր է: Շատերը սկսում են նորովի մեկնաբանել ավանդականը, բարոյականն ու կրոնականը. դե լավ հիմա, Քիմի գործն ա, ոնց ճիշտ ա գտնում, նենց էլ ապրում ա: Մեզ խանգարում ա՞, չէ: Բա էլ ի՞նչ կա: Կարող ա՞ էտ ասողներն իրանից ավելի բարոյական են: Ճիշտ ա, կաթոլիկ եկեղեցին շատ սրիկայություններ ա արել մեր հանդեպ, պապերն էլ մի բարի պտուղ չեն, բայց դե սա ոնց որ թե ուրիշ ա, լավն ա: Հը՞: Ի՞նչ անենք թե կաթոլիկների Պապն ա՝ բոլորս էլ քրիստոնյա ենք:

Եվ այսպես, մարդիկ սկսում են երևույթները տեսնել ու մեկնաբանել  փոքր-ինչ այլ դիտանկյունից: Հարկավոր է լայն միտք ունենալ, հասկանալու այն բազմազան աշխարհը, որ տեղավորել ես սրտումդ: Թե չէ՝ գժվել կարելի է, երբ սիրտդ կարող է, իսկ միտքդ՝ ոչ:

Բայց նախ և առաջ՝ Քիմը և Պապը մեզանում ընդունվեցին ու սիրվեցին երկու շատ կարևոր պատճառով: Առաջինը Ցեղասպանությունն է: Երկուսն էլ այն բարձրաձայնել են ու դատապարտել: Քիմը բազմիցս գրել և խոսել է այդ մասին՝ տեղեկացնելով միլիոնավոր մարդկանց: Պապը ճանաչել է Ցեղասպանությունը և 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցել Վատիկանում: Նրանք երկուսն էլ կիսում են մեր համընդհանուր ցավը, ուրեմն՝ մերն են:

Եվ երկրորդ՝ Քիմը և պապը համաշխարհային ուշադրությունը մի պահ սևեռեցին Հայաստանի վրա, մեզ դրեցին ուշադրության կենտրոնում, դարձրին կարևոր: «Փոքր ազգի» սինդրոմը և մշտապես անտեսված լինելու հանգամանքը մեզ ստիպում են նման դեպքերում առանձնահատուկ կերպով ուրախանալ և հպարտանալ: «Չնայած մենք փոքր ածու ենք», բայց Հռոմի պապը մեզ մոտ էլ է գալիս, և մեր մասին խոսում են Բի-Բի-Սի-ն ու Նյու-Յորք Թայմսը:

Ահա այսպես՝ համընդհանուր ցավը և կարևորության զգացումը մեկտեղում են Քիմ Քարդաշյանին, Հռոմի պապին և մեզ՝ մի ընդհանուր Մենք-ի մեջ, որտեղ հակասությունները հարթվում են, տարբերությունները՝ ներդաշնակվում, և որտեղ հասկանում ենք, որ մենք փոքր չենք, որովհետև անհնար է այսքան մեծ աշխարհ տեղավորել մեր ներսում և լինել փոքր: 

http://www.lragir.am/index/arm/0/society/view/135038

ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ