Բռնության բումերանգը հասավ իշխանությանը
Սասնա ծռեր ջոկատի կողմից Էրեբունու ոստիկանական զորամասը գրավելուց հետո, Հայաստանում ակտիվացել են ամենատարբեր քննարկումները բռնության մասին: Այն, որ բռնության մշակույթը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի անբաժան տարրերից է, անվիճելի է: Մինչ այժմ, բռնություն գործադրելու մենաշնորհը Հայաստանում պատկանում էր հիմնականում իշխանությանն ու նրա մերձավոր շրջապատին. բռնությունը վերևից դեպի ներքև էր: Նորությունն այն է, որ այժմ բռնությունը կիրառվել է ներքևից վերև՝ խախտելով համակեցական ստատուս քվոն և ուժերի հարաբերությունը:

Եթե առաջնորդվենք դասական վեբերյան տրամաբանությամբ, ապա պետությունն ունի բռնություն գործադրելու լեգիտիմ իրավունք: Բայց երբ պետության մեջ խախտված են արդարության հիմնարար գաղափարները, ոտնահարվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, բռնությունը դառնում է ոչ թե պետության լեգիտիմ, այլ պետության ներսում փոքրաթիվ խմբի շահերը մեծամասնությանը պարտադրելու ոչ լեգիտիմ իրավունքի: Ի վերջո, պետության գլխավոր նպատակը համընդհանուր բարիքի ստեղծումն է, և միայն հանուն դրա՝ քաղաքացին կարող է ընդունել այդ բռնության իրավունքը, որով հենց ինքն օժտել է պետությանը: Բայց երբ իշխանության նպատակը դառնում է ոչ թե համընդհանուր, այլ իր մասնավոր բարիքի ստեղծումը, ապա նրա կողմից կիրառվող բռնությունը դադարում է լինել լեգիտիմ և հավաքական արդարության կորուստը քաղաքացուն դրդում է անհատական արդարության հաստատմանը:

Տասնամյակներ շարունակ Հայաստանում ոտնահարվել են արդարության և հավասարության գաղափարները. բազմաթիվ աղմկահարույց և չբացահայտված սպանություններ, պետական միջոցների անխնա շորթում, անարդար ու կաշառված դատարաններ, ոստիկանության բիրտ և ապօրինի գործունեություն, սոցիալական խորը բևեռվածությունը փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների միջև: Այս ամենը բերել են մի վիճակի, երբ քաղաքացին չի զգում պետության ներկայությունը, իսկ ավելի ճիշտ՝ իր մաշկի վրա զգում է պետության բացակայությունը:   

Սկզբունքորեն պետությունը կա, կան գործող պետական ինստիտուտներ, բայց խախտված են դրանց գործունեության նպատակները: Օրինակ, արդար պետության մեջ դատական իշխանության ինստիտուտների նպատակն է՝ լուծել քաղաքացիների միջև ծագող կոնֆլիկտները: Անարդար պետության մեջ այդ ինստիտուտների նպատակն է՝ լուծել կոնֆլիկտները իշխողների և իշխվողների միջև, և իհարկե՝ հօգուտ առաջինների: Արդար պետության մեջ ստեղծվում են հարկադրանքի ինստիտուտներ՝ ընդունված կանոնների խախտման դեպքում պատիժ կիրառելու համար: Անարդար պետության մեջ հարկադրանքի ինստիտուտները ստեղծվում են՝ բռնաճնշումներ գործադրելու նրանց նկատմամբ, ովքեր հակադրվում են իշխանությանը:

Ահա այսպես, երբ խախտվում է պետական ինստիտուտների գործունեության տրամաբանությունը, խախտվում է պետության տրամաբանությունն ընդհանրապես: Եվ բանական անհատները, ովքեր միասին համաձայնության են եկել, որ իրենց իրավունքների մի մասը զիջում են պետությանը, որ նա կատարի այն, ինչ իրենք չեն կարող անել անհատապես, մի օր հայտնաբերում են, որ պետությունը չի կատարում իր բաժին պարտավորությունը: Օրինակ՝ չի պաշտպանում իրենց կամ պաշտպանում է ընտրողաբար: Այդ պահից սկսած՝ մարդը կամ մարդկային խումբը, վերադառնում է պաշտպանության նախկին՝ անհատական մոդելին, որն անխուսափելիորեն տանելու է կոնֆլիկտի՝ ընդուպ պետության հետ:

Այսօր Հայաստանում առաջացած կոնֆլիկտը կարող է ունենալ ծանր հետևանքներ մեր պետության համար, բայց և կարող է բերել մի նոր համաձայնության, որը սկիզբ կդնի համընդհանուր արդարության վերականգնման համար: Թե որ տարբերակը կլինի, նախ և առաջ կախված է Հայաստանի իշխանություների ողջամտությունից և իմաստնությունից, որով նրանք դեռ չեն փայլում: Բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ մի օր լինում է առաջին անգամ: Հուսանք և սպասենք: 


http://www.lragir.am/index/arm/0/society/view/136502

ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ