Ոստիկանության արյունոտ խրախճանքը
Հուլիսի 29-ի երեկոյան, երբ Սարի թաղում լարվածությունը գնալով մեծանում էր ոստիկանների և խաղաղ ցուցարարների միջև, շատերն իրար համոզում էին, թե այստեղ ոստիկանները պայթուցիկներ չեն կիրառի, բնակելի տներ կան, երեխաներ, չէ, չեն անի: Այս խոսակցություններից մի քանի րոպե անց ոստիկանները սկսեցին գազանաբար հարձակվել ցուցարարների վրա՝ կիրառելով վերջին օրերի ամենադաժան բռնությունները: Գործի դրվեցին ոչ միայն հատուկ միջոցներ, այլև քաղաքացիական հագուստով և մահակներով զինված խմբերը այլանդակ ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին ու լրագրողներին: Ոստիկանները ներխուժեցին բնակիչների տներ՝ նույնիսկ տան ներսում  պայթուցիկներ կիրառելով:

Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մի տղա, վերակենդանացման բաժանմունքում գտնվող իր 84-ամյա տատիկին էր սպասում. պայթուցիկը ընկել էր տատիկի ոտքերին: Նա պարզապես անցնելիս էր եղել փողոցը՝ իր տան հարևանությամբ: Տեսախցիկների արձանագրած կադրերը ցույց են տալիս, որ բազմաթիվ բնակիչներ ստացել են տարբերբ աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանք չէին մասնակցում երթին, պարզապես իրենց տանն էին, իրենց բակում կամ խանութի ճանապարհին:

Սարի թաղը մի պահ վերածվել էր պատերազմական գոտու, պարզապես այն տարբերությամբ, որ կողմերից միայն մեկն էր զինված: Քաղաքացիները մնացել էին անպաշտպան ոստիկանական տեռորի առջև, ոստիկանություն, որին իրենք են սնուցում սեփական հարկերով: Այս օրերին Հայաստանում գործող միակ պետական կառույցն իրականում ոստիկանությունն է, որը գործում է ավտորիտար համակարգերին բնորոշ տրամաբանությամբ: Կառավարման մյուս բոլոր մարմինները հանցավոր պարապուրդի են մատնվել, որի մեջ սակայն, տրամաբանություն կա:

Այսպիսի պայմաններում, ժողովրդավարական երկրներում իշխանությունները բազմիցս կխոսեին, կդիմեին ժողովրդին և խաղաղ հանգուցալուծման ելքեր կառաջարկեին: Նման պետություններում իշխանության և ժողովրդի միջև երկխոսության տարբեր խողովակներ և ինստիտուտներ են գործում: Ավտորիտար երկրներում, երբ ոստիկանությունը բռնություններ է կիրառում, նշանակում է՝ իշխանություններն արդեն խոսում են: Այստեղ գործում է ոչ թե երկխոսության, այլ հնազանդեցման տրամաբանությունը: Նման ռեժիմների ասելիքն այսպիսի պայմաններում դրսևորվում է բռնություններով, առևանգումներով և ապօրինի ձեռբակալություններով: Արդյունքը նույնն է՝ հաստատել ստաբիլություն: Միայն թե միջոցներն ու նպատակներն են տարբեր:

Ո՞րն է այժմ իշխանությունների ռազմավարությունը: Եթե նպատակը բռնի ուժով ժողովրդական ցասումը չեզոքացնելն է, ապա դա չի ստացվի, կամ կհաջողվի՝ ժամանակավորապես: Եթե այս դեպքերը կատարվեին 10 տարի առաջ, երբ ինտերնետն ու սոցիալական մեդիան դեռ այսչափ զարգացած չէին, երբ գոյություն ուներ տոտալ վերահսկողություն գրեթե բոլոր տեսակ ինֆորմացիոն հոսքերի նկատմամբ, երբ կարելի էր խեղաթյուրել իրականությունը և մատուցել բոլորովին այլ պատմություն, գուցե հնարավոր լիներ մանիպուլացնել հասարակությանը:

Այս օրերին, մարդիկ ուղիղ եթերով ականատես են լինում ոստիկանության վայրագություններին, չկա մեկնաբանության խնդիր, ամեն ինչ պարզ է և ակնհայտ: Պայթյուններ և արյունոտ տեսարաններ, որոնք դաջվում են մարդկանց մտքերում: Եթե նույնիսկ հնարավոր լինի փողոցները մաքրել ցուցարարներից, մարդկանց էմոցիաները հնարավոր չէ մաքրել նրանց ներսից:

Ատելության այն ողջ պաշարը, որը կուտակվում է այս օրերին իշխանությունների ու ոստիկանության նկատմամբ՝ իրենց իսկ համառ ջանքերի շնորհիվ, ինչ-որ պահի նորից պայթելու է՝ առաջացնելով ավելի մեծ հասարակական աղետ: Ոստիկանության արյունոտ խրախճանքը գնալով ընդարձակվելու է՝ խժռելով ոչ միայն անմեղ քաղաքացիների, այլև ինչ-որ պահի հենց իրեն՝ իշխանությանը: 

http://www.lragir.am/index/arm/0/society/view/136952

ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ