Ինչպե՞ս պարտադրել իշխանությանը Հայաստանում ստեղծված ներկա ճգնաժամային իրավիճակը շատ հետաքրքիր է՝ մարդկանց վարքի տեսանկյունից: Հանրության մի մեծ զանգված իր համակրանքն է հայտնում Սասնա ծռերին և նրանց գործողություններին: Մարդկանց համար նրանք ազգի նվիրյալներ են, ովքեր իրենց կյանքը պատրաստ են զոհաբերել հանուն ավելի լավ Հայաստանի: Կարելի է ենթադրել, որ մարդիկ ընտրում են բողոքի ճանապարհը, որը պետք է տանի պայքարի: Սակայն, համակրանքը չի վերածվում գործողության, և բողոքը մնում է էմոցիոնալ մակարդակում: Շատերը ցանկանում են հեղափոխություն, բայց պատրաստ չեն իրենք դա անել: Կա ցանկություն, չկա մասնակցություն: Մի կողմից, թվում է, թե հանրությունը պաշտպանում է հեղափոխության օրակարգը, մյուս կողմից՝ նա պատրաստ չէ իրականացնել այդ օրակարգը: Արդյունքում ստացվում է, որ հոգեբանորեն բողոքող այս զանգվածը գործնականում մնում է լոյալ, իսկ փողոց դուրս եկածների քանակը այդպես էլ չի հասնում այն կրիտիկական զանգվածին, որը կփոխեր ուժերի հարաբերակցությունը և կտաներ որակական փոփոխության: Այս պարադոքսալ իրավիճակի պատճառները կարող են տարբեր լինել՝ վախի մթնոլորտ, սեփական ուժերի նկատմամբ վստահության պակաս, ինչպես նաև՝ բողոքն արտահայտելու միջոցների և գործիքների բազմազանություն: Եթե նախկինում բողոքն արտահայտելու համար հարկավոր էր դուրս գալ փողոց կամ հրապարակ, հանդիպելու սեփական համախոհների հետ, ապա այժմ դա կարելի է անել սոցիալական ցանցերում: Պարտադիր չէ ֆիզիկապես դուրս գալ տնից, հայտնվել փողոցում. համացանցում միակ ֆիզիկական գործողությունը ցուցամատի շարժումն է՝ դա միաժամանակ և փողոցն է, և ընդվզումը: Ուղիղ եթերի շնորհիվ, մարդը վիրտուալ տարածության մեջ մասնակից է դառնում իրական գործողությանը: Սակայն այդ մասնակցությունը կրավորական է և չունի նյութական ազդեցություն իրական գործընթացի վրա: Ուստի, այն չունի իշխանությանը որևէ բան ստիպելու շոշափելի ազդեցություն: Հենց սա է պատճառը, որ վիրտուալ բողոքը չի նյութականանում, ձեռք չի բերում ստիպելու կարողություն և իրական կյանքում վերածվում է լոյալության: http://www.lragir.am/index/arm/0/society/view/137088 ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ |