Դուրս գալ պատմության կրկնության թակարդից Մենք հաճախ ենք սիրում կրկնել, որ պատմությունը կրկնվում է: Գուցե ոչ դեպքերի ու դեմքերի ուղղակի զուգադիպությամբ, բայց այդ կրկնությունը, իսկ երբեմն՝ դրա ուրվականը, անընդհատ հետապնդում է մեզ: Հին դեմագոգները վերադառնում և արժանանում են նույն ժողովրդի ծափերին: Հին կոչերը և հին կարգախոսները նորից ու նորից պտտվում են հանրահավաքների ժամանակ: Ազա՛տ, անկա՛խ Հայաստան կարգախոսն այժմ ավելի շատ հնչում է ոչ թե որպես անհրաժեշտություն կամ պահանջ, այլ որպես հիշեցում՝ ձախողման մասին: Ինչու՞ է դրա կարիքը առաջանում 25 տարի անց: Եթե այսօր Հայաստանն ազատ և անկախ չէ, ապա այդպիսին չէ այն մարդկանց պատճառով, որոնց շուրթերից ժամանակին հնչում էր այդ կարգախոսը: Եվ հիմա դրա կրկնությունն ազդարարում է 25-ամյա պարտության մասին: Արցախյան շարժումը Հայաստանի անկախացման գործընթացի հիմնարար բաղադրիչներից էր: Հայաստանի ճակատագիրը որոշվում էր Արցախում: Հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակը պետք է ամրապնդեր մեր անկախությունը երկարաժամկետ հեռանկարում: Պատերզամի դաշտում տարած հաղթանակը հարկավոր էր շարունակել պետության ներսում: Բայց տղաները հաղթեցին պատերազմում, իսկ քաղաքական էլիտան պետության ներսում պարտվեց կոռուպցիային և հովանավորչությանը, կեղծվող ընտրություններին և իշխանությունն ամեն կերպ պահելու գայթակղությանը: Այսօր Հայաստանի ճակատագիրը նորից որոշվում է Արցախում: Արցախյան հարցի լուծումը շարունակում է լինել Հայաստանի ազատության և անկախության կարևորագույն նախապայմանը: Պատերազմի վտանգը գնալով մեծանում է՝ երկրորդելով ներքաղաքական բոլոր հարցերը: Սակայն պատերազմի վտանգը չէր լինի, կամ գուցե կլիներ ավելի մեղմ, եթե հենց ներքաղաքական հարցերը 20 տարվա ընթացքում լուծվեին: Մենք նորից վերադառնում ենք նույն կետին, երբ արտաքին վտանգը մեզ ստիպում է ամեն ինչ մի կողմ դնել, արգելակել պետության ներքին զարգացումը և պատասխանել գոյապահպանության մարտահրավերին: Եվ սա առաջին հերթին այն մարդկանց պատճառով, ովքեր արցախյան պայքարի բովով անցնելով եկան իշխանության և ուզուրպացնելով իշխանությունը՝ այն պահում են մինչ օրս: Հենց այդ դեմքերի կրկնությունն է, որ բերում է դեպքերի կրկնությանը Հայաստանում: Դեմքերի ու դեպքերի այս կրկնությունն էլ բերում է մտածողության կրկնությանը ողջ հանրության մոտ, ու նորը գտնելու անկարողությունը մեզ ստիպում է վերադառնալ նույն մարկանց, նույն տեքստերին և կոչերին՝ նորից ու նորից հարություն տալով մեր պետությունը գլխատող «Ռոբեսպիերին»: http://www.lragir.am/index/arm/0/society/view/137853 ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ |