Ինչու՞ է անհրաժեշտ, որ մեքենան կանգ առնի ![]() Սերժ Սարգսյանը տարիներ առաջ արտահայտել է այս միտքը. «Հայաստանի միակ ռեսուրսը՝ Ժողովրդավարական պետություն կառուցելն է, պետության զարգացման այլ ռեսուրս մենք չունենք»։ Ամբողջությամբ կիսում եմ այդ միտքը։ Բայց որպեսզի պետությունը համարվի ժողովրդավար, գոյություն ունի չգրված չափանիշ՝ այդ պետության մեջ պետք է ընտրություններով երկու անգամ անընդմեջ փոխվի իշխանությունը: Փաստորեն, շատ հեռու ենք մեր նպատակից։ Շուտով նորից ընտրություններ են։ Օրինակ, եթե ասեմ, որ Վանաձորում անցնելու են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ՝ հավասար հնարավորություններով, առանց կաշառքի և ճնշումների, դժվար թե մեկը դրան հավատա, բայց առնվազն մի բան հստակ է․ Վանաձորի վերջին համապետական երեք ընտրկան գործընթացներում (2012թ ԱԺ-ի մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, 2013թ․ նախագահական ընտրություններ, 2015թ Սահմանադրական հանրաքվե) իշխանությունները պարտվել են, և դա պաշտոնապես արձանագրվել է։ Բայց, ցավոք, ՀՀԿ մեքենան առանց վերանորոգման փորձում է շարունակել շարժվել առաջ՝ կործանելով նաև մեր երկիրը։ Բերեմ ընդհամենը մեկ օրինակ. Վանաձորի մեր շենքը բաղկացած է 50 բնակարանից, տվյալ պահին 20 բնակարանում ընդհանրապես մարդ չի բնակվում, իսկ մնացած բնակարաններում բնակվող գրեթե բոլոր ընտանիքներում առնվազն մեկ մարդ գտնվում է արտագնա աշխատանքներում։ Այդ ցուցանիշը բնորոշ է ոչ միայն Վանաձորին, այդպիսին է մեր մարզերի ամբողջական պատկերը, բայց վանաձորցիները հնարավորություն ունեն ՀՀԿ մեքենան կանգնեցնել վերանորոգման և առաջ շարժվել այլ մեքենայով։ Եվ այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա․ և իշխանությունը, և ընդդիմությունը պետք է հասկանան, որ անփոխարինելի թիմեր և մարդիկ չկան, հակառակ պարագայում, ցավոք սրտի, մենք ունենալու ենք նորանոր Սասնա Ծռեր, քանզի մարդիկ ուզում են փոփոխություններ։ Գրիգորի Դոխոյան |