Միայն «Լուսավոր»-ը և ԲՀԿ-ն չեն կարող մեծամասնություն կազմել տեղական իշխանություն ձևավորելու համար. Մանե Թանդիլյան
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Լուսավար Հայաստան» կուսակցությունը ստացել էր վստահության 10899 քվե՝ Հանրապետական կուսակցությանը զիջելով ընդամենը 4000 ձայնով: Ընտրության արդյուքների հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Հանրապետականը չի կարողացել ապահովել բոլոր 17 մանդատների հարցը և ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություն կոալիցիա կազմելու և ՀՀԿ-ին Վանաձորում ընդիմություն դարձնելու: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեռ երեկ կոչ էր արել «Հայկական Վերածնունդ» և Բարգավաճ Հայաստան կուսակցություններին՝ միավորվելու և միասնաբար հանդես գալու, ինչն ընդդիմությանը թույլ կտար ստանձնել քաղաքապետի պաշտոնը: ԼՀԿ-ի հայտարարությանը հետևել էր ՀՎԿ-ի հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստ են համագործակցության միայն այն դեպքում, երբ կատարվեն իրենց առաջ բերած երկու պայմանները:

Այսօր էլ լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը հրաժարվել էր ընդունել ՀՎԿ-ի առաջադրած պայմանները՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ չեն այդ ուժի հետ կոալիցիա կազմել նաև Խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

ՀայՄեդիա.AM-ը զրուցել է ԼՀ կուսակցության վարչության քարտուղար Մանե Թանդիլյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ փուլում են գտնվում բանակցությունները ընդդիմադիր ուժերի հետ, քանի որ  համացանցում տարածվում է, որ Վանաձորում ԼՀԿ-ին պատրաստ է միանալ ԲՀԿ-ն:

«Այս պահի դրությամբ այլ նորություն չկա: Սպասում ենք ավելի հստակ արձագանքի Վանաձորի ընտրությունների արդյունքում մեծությամբ 3-րդ և 4-րդ ուժ կազմող 2 քաղաքական ուժերից:
Մամուլի միջոցով տեղեկացանք ԲՅԿ-ի դրական արձագանքի մասին: Հաջորդիվ կկայանա հանդիպում հստակեցնելու հանուն Վանաձորի զարգացման համագործակցության և պատասխանատվության չափաբաժինները, ինչպեսև առաջարկել էինք: Սակայն պարզ է նաև, որ միայն «Լուսավոր»-ը և ԲՀԿ-ն չեն կարող մեծամասնություն կազմել տեղական իշխանություն ձևավորելու համար՝ հաշվի առնելով, որ Լուսավորը ունի 10, իսկ ԲՀԿ-ն 3 մանդատ: Իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է ունենալ 17-ից ավել մանդատ ընդհանուր 33-ից, որը կարող են անել Լուսավորը, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն:
ՀՎԿ-ի նախապայմանները որևէ աղերս չունի այն առաջարկի հետ, որը որ մենք ենք արել: Մեր առաջարկը բխել է Վանաձորում արձանագրված իրողությունից՝ 63% վանաձորցի ընտող չի ուզում տեսնել ՀՀԿ-ին որպես իշխող ուժ Վանաձորում: Արձագանքելով վանաձորցիների կամքին և տրված վստահության քվեին Լուսավորի, ՀՎԿ-ին և ԲՀԿ-ին, մենք հանդես ենք եկել այդ ձայները կապիտալիզացնելու առաջարկով՝ ստանձնելով քաղաքի զարգացման պատասխանատվությունը և այն բաշխելով ըստ վանաձորցիների տված քվեի: Ավելի, քան սա, մեր առաջարկը չի ենթադրում, քանզի այն բխում է արձանագրված փաստից: Այլ փաստ այս պահին արձանագրված չկա, հետևաբար մեր օրակարգում այլ հարց չի քննարկվում:

Պետք է հասկանալ, որ լոկալ ՏԻՄ-ում բոլոր կուսակցությունների հիմնական նպատակը քաղաքի զարգացումն է և աշխարհաքաղաքական ընկալումների տարբերությունն այս մակարդակում խնդիր չի կարողա առաջացնել: Սա տեղական համագործակցություն է՝ հաշվի առնելով, որ Վանաձորից ձայն է տվել, իր պատկերացմամբ ոչ իշխանական ուժի: Սա այն արձանագրումն է, որից բխում է մեր առաջարկը: Հետագայի դաշինքի մասին և այս նախապայմանների մասին, որ ՀՎԿ-ն դրել է, մեր օրակարգը չէ: Պետք է հասկանալ, որ մեր Լուսավոր Հայաստանը, այլ արժեհամակարգային տարբերություններից բացի, դեմ է ԵԱՏՄ-ին, օրինակ, և ինչպես կարող ենք մենք դաշինք կազմել պառլամենտական ընտրություններում մի ուժի հետ, որը կողմ է և կողմ է քվեարկել ԵԱՏՄ-ին: Սա Հայաստանի զարգացման տեսլականների արմատական տարբերություն է, որը փաստ է այս պահի դրությամբ: Սա մեկ օրինակ է անհամատեղելիության: Հետևաբար՝ նման դաշինքը իրատեսական չէ»:

Նկատենք, որ Է. Մարուքյանի մեկ այլ դիտարկման համաձայն էլ, հնարավոր է, որ Վանաձորում նոր ընտրություններ անցկացվեն. «Եթե ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» չեն միանում և չեն քվեարկում, նրանք ամեն դեպքում պաշտոնապես հայտարարել են, որ նաև չեն միանալու ՀՀԿ-ին։ Հետևաբար՝ սա մեզ համար միգուցե ավելի լավ դասավորություն կարող է լինել, որովհետև այդ իրավիճակում նոր ընտրություններ տեղի կունենան Վանաձորում և մենք կփորձենք ավելի լայն կոնսոլիդացիա ապահովել և միանշանակ հաղթանակ տանել ՀՀԿ-ի նկատմամբ»: 
Որքանո՞վ է հավանական Մարուքյանի այս դիտարկումը. հետաքրքրվեցինք Թանդիլյանից. «Հարցը վերաբերվում էր ֆորս-մաժորային իրավիճակին, բայց քիչ է հավանական, որ նման բան լինի»,- ամփոփեց վերջինս:

http://haymedia.am/

Սևակ Վարդումյան