Լինե՞լ, թե՞ չլինել դաշինքին
Եկեք արձանագրենք, որ մեր բոլոր ուժերը տարբեր ուժեր են, հակառակ պարագայում մեկ տարի առաջ մենք  չէինք ստեղծի Լուսավոր Հայաստան Կուսակցությունը, այլ կանդամագրվեինք այդ կուսակցություններին կամ, որ ավելի հավանական է, կնստեինք տանը, թեյ կխմեինք և կհամակրեինք այդ ուժերին։ Հիմա հարց է առաջանում, կարո՞ղ են մեր այս ուժերը դառնալ մեկ կուսակցություն։ Այո, կարող են, բայց դրա համար շատ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Առաջինը, դեռ պետք է կարողանանք դաշինք ձևավորել, այնուհետև այդ դաշինքը պետք է ապացուցի, որ կենսունակ է։ Նոր դրանից հետո, իհարկե, պետք մտածել մեկ կուսակցություն ձևավորելու հարցը։ Բայց իրականում, լավ գործող դաշինքը կարող է գործել ավելի արդյունավետ, քան վատ գործող միասնական մեծ կուսակցությունը։ Ցավոք Հայաստանում շատ են օրինակները, երբ արագ փլուզվում են և դաշինքները, և կուսակցությունները։ Վերջինիս օրինակը, իմ կարծիքով, հզոր գաղափարական ԱԺՄ կուսակցությունն էր, որը բաժանվեց 5 կուսակցության և այլն։

Իհարկե, գնալ դաշինքի, դա շատ լուրջ գործընթաց է, բայց եթե նպատակը՝ առողջացնել քաղաքական դաշտը, իսկ դա նշանակում է բալանսավորել և փոխզսպել այն, ապա համատեղել ուժերը՝ դա ճիշտ որոշում է։
Նաև պետք է հասկանանք, որ տվյալ պահին Հայաստանում առաջանում են երեք բևեռ՝ իշխանական, ընդդիմադիր ԵԱՏՄ-ական և ընդդիմադիր, որը իր ապագան տեսնում է եվրոպական մոդելով զարգացող պետություն։ Վերջինն ամենևին չի նշանակում լինել հակառուսական, ընդհակառակը, մենք պետք է ունենանք ավելի լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, քան ունենք այսօր։ Բայց այդ հարաբերությունները չպետք է լինեն ԵԱՏՄ-ական հոգեբանությամբ։ Մենք պետք է գործենք միայն ու միայն Հայաստանի Հանրապետության շահերից։ Իսկ այսօր, նորից եմ կրկնում, այսօր, մեր պետության շահը դա եվրոպական մոդելի երկիրն է՝ հավասար հնարավորություններով և արդիականացված, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ։

Եվ հենց դա է պատճառը, որ մենք գնում ենք համադրելու մեր ուժերը, այլ կուսակցությունների հետ։ Եկեք միասին փորձենք փոխել իրավիճակը մեր երկրում, եկեք անտարբեր չլինենք պրոցեսներին հայտնի բառակապակցությամբ․«Մեկա բան չի փոխվելու, ընտրություններով անհնար է և այլն»։ Մենք Վանաձորում ապացուցեցինք, որ ամեն ինչ էլ հնարավոր է և եթե լինենք միասնական, ապա մի քանի ամիս հետո կունենանք մի մեծ Վանաձոր, բայց արդեն Հայաստանի մասշտաբով։
 
Գրիգորի Դոխոյան
Լուսավոր Հայաստան Կուսակցության խորհրդի անդամ