Աղքատությունը Հայաստանում տարածաշրջանային ցուցանիշների համատեքստում
Հայաստանում նախընտրական շրջանի քննարկումների առանցքային հարցերից մեկն ակհայտորեն աղքատության հաղթահարման հիմնախնդիրն է: Վերջինիս լուծումն ու ահագնացող աղքատության ճիրաններում մաքառող հայության փրկությունը ՀՀ քաղաքական ուժերի կողմից հաճախ որպես իրենց «սուրբ առաքելություն» է հռչակվում: Ընդ որում` յուրաքանչյուր հաջորդ նախընտրական շրջանում այս հարցը դարձյալ օրակարգային է դառնում: Դե իսկ առաքելության անհաջող կատարման կամ իսպառ չկատարման պատճառները բազմաթիվ են` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից մինչև անվերջանալի թվացող «անցումային շրջանի դժվարություններ»` համեմված ղարաբաղյան հակամարտության սահմանափակող հետևանքներով: Այս առումով բավական հետաքրքրական է ՀՀ-ում աղքատության հիմնախնդիրը դիտարկել հարևան Ադրբեջանի և Վրաստանի հետ համեմատության մեջ:
 
Համադրելով  Ազգային վիճակագրական ծառայության և վիճակագրական այլ տվյալներ` նշենք, որ 2014-2015 թթ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է համապատասխանաբար 30 և 29.8 տոկոս: Աղքատ մարդկանց թիվը կազմել է շուրջ 900 հազար, որոնցից մոտ 310 հազարը շատ, իսկ 60 հազարը ծայրահեղ աղքատ են: 
 
Չնայած աղքատության դեմ «հաղթարշավի» հրապարակախոսական կոչերին` ըստ ԱՎԾ տվյալների`  2015-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008-ի նույն մակարդակը 0.4 կետով: Նկատենք, որ գործազրկության միջին մակարդակը գերազանցում է 18 տոկոսը:

Աղքատության և խոցելիության հետևանքներն իրենց վրա զգում են քաղաքաբնակ երեխաների շուրջ 53, իսկ գյուղաբնակների` 82 տոկոսը:  Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության՝ Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան: Ընդ որում` երեք երեխաներից մեկը թե՛ աղքատ է, թե՛ կարիքավոր (28 տոկոս): 
 
Ստացվում է, որ նախընտրական «կենացներում» երկրի «լուսավոր ապագայի» երաշխիքը հանդիսացող երեխաների շուրջ մեկ երրորդը զրկված է տարրական կոմունալ և նորմալ կեցության համար անհրաժեշտ մյուս պայմաններից: Այս իրավիճակն առաջ է բերում երկու կարևոր հարց. որքանո՞վ է այս իրավիճակում իրատեսական խթանել ծնելիության աճն ու այդ կերպ հաղթահարել արտագաղթի ահագնացող հետևանքները, և երկրորդ` որքանո՞վ է կայացման նվազագույն պայմաններից զրկված երեխան ի զորու նպաստել երկրի «լուսավոր ապագայի» կերտմանը: 

Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում աղքատության շեմին գտնվողները  2015թ.-ին կազմել են բնակչության 18.4 տոկոսը, ծայրահեղ աղքատները` 2.1 տոկոսը` 2004թ.-ի  հապատասխանաբար 24.6 և 5.4 տոկոսների համեմատ:  

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների` գործազրկությունը երկրում 2014թ. –ին կազմել է 13.7 տոկոս` 2010-ի 16.3-ի դիմաց: 
 

Ուշագրավ է, որ գյուղաբնակ շրջաններում աղքատ երեխաների քանակը շուրջ 50 տոկոսով գերազանցում է քաղաքաբնակ շրջաններին: Երեխաների շրջանում աղքատությունը կայուն կրճատման միտում ունի և 2015 թ.-ին կազմել է 21.7 տոկոս` 2013-ի 28.4 տոկոսի համեմատ: Նշյալ ժամանակահատվածում  ծայրահեղ աղքատությունը 6 տոկոսից նվազել է մինչև 2.5 տոկոս:  
 
Ընդհանրացնելով` նկատենք, որ ըստ Համաշխարհային բանկի տվյալների` 2014թ. երկրում աղքատության շեմից ցածր է գտնվել բնակչության 32.3 տոկոսը (1.4 միլիոն մարդ)` 2011-ի 48 տոկոսի համեմատ (շուրջ 2 միլիոն մարդ): Ներկայում գործազրկության մակարդակը կազմում է շուրջ 12 տոկոս:
 
Վրաստանում կառավարությանը հասցեագրվող սուր քննադատության ահռելի մասը հենց աղքատության դեմ ոչ այնքան հաջող պայքարին է բաժին ընկնում: Մինչդեռ  վերջին տասնամյակում արձանագրվել է աղքատության կայուն նվազում: 
 
Միանգամայն այլ է իրավիճակը նավթագազային պաշարներով հարուստ Ադրբեջանում: Ըստ Ասիական զարգացման բանկի տվյալների` 2001 թ. 49 տոկոսի համեմատ 2005թ.-ին աղքատները կազմել են բնակչության 29.3, 2009-ին`10.9, իսկ 2013-ին` 5 տոկոսը: Ներկայում աղքատության շեմից ցածր գտնվողները կազմում են բնակչության շուրջ 6 տոկոսը, իսկ գործազրկությունը 2015թ.ին կազմել է 5 տոկոս: Ինչպես երևում է, ածխաջրածնային պաշարներից ստացվող եկամուտներն էապես նպաստում են տարածաշրջանում աղքատության դեմ պայքարի առաջամարտիկի դերի ձեռքբերմանը: 
 
Դե իսկ ՀՀ կառավարության անգամ միջին վիճակագրական պաշտոնյա տարածաշրջանի ամենաաղքատ երկրի կարգավիճակը կբացատրեր մի շարք պատճառներով, ինչպիսիք են` երկկողմ շրջափակումը և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամերը, «անցումային» շրջանի դժվարությունները և այլն: Այս պատճառները կարելի է անվերջ թվարկել, սակայն դրանց մեջ գործնականում անհնար կլինի գտնել որևէ հիշատակում անարդյունավետ կառավարման և տնտեսական քաղաքականության, նախընտրական հավակնոտ ծրագրերի իրականացման անկարողության մասին: Մինչդեռ աղքատության հաղթահարումը` կոնկրետ փաստերով և թվերով արտահայտված, պետք է դիտել որպես կառավարության գործունեության գնահատման ու չափման կարևորագույն չափանիշ: Ուստի գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հավակնություն ունեցող իշխող ուժերը պետք է իրենց ծրագրում հստակ ամրագրեն, իսկ պաշտոնավարման ընթացքում կյանքի կոչեն աղքատության դեմ անզիջում պայքարի ռազմավարությունը: Այլապես անհնար կլինի խոսել հաջողված կառավարման և շոշափելի ձեռքբերումների մասին:


Քաղաքական գիտությունների թեկնածու` Արամ Թերզյան