«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Օգոստոս 30, 2016
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է սեպետմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին նախատեսվող ՏԻՄ ընտրություններին և ընդհանուր թվով 53 թեկնածու է առաջադրել՝ փոքր և մեծ համայնքներում մրցակցություն ապահովելու համար:

Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Մենք շատ ենք կարևորում ՏԻՄ ընտրությունները: Հայտնի խոսք կա, որ ժողովրդավարությունը սկսում է տեղերից, մեզանում եղել են մոտեցումներ, որ պետք է վերևից գնալ և  վերևից փոխելով իջնել ներքև, մենք գտնում ենք որ ներքևից վերև փոխելու հնարավորությունները ավելի ժողովրդավարական են, ավելի իրական են և ավելի շատ քաղաքացիական հասարակության ներգրավվածություն կարող են ապահովել, քան վերևից՝ մի մարդու կողմից դեպի ներքև փոփոխություններ իրականացնելը, ինչը ես գտնում եմ ոչ այդքան էլ ժողովրդավարական: Որտեղ որ մենք ունենք համայնքի ղեկավարի թեկնածու, այդ թեկնածուները չեն առաջադրվել, որ մասնակցեն ընտրություններին, նրանք հաղթելու լրջագույն շանսեր ունեցող թեկնածուներ են, և մենք պայքարում ենք այդ համայնքներում իշխանությունը վերցնելու համար»,-ասաց Մարուքյանը:

Համայնքի ղեկավարի համար «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է թեկնածուներ Վանաձորում, Սիսիանում, Նոյեմբերյանում և Ջրառատում:

«Իսկ մնացած համայնքներում, որտեղ ունենք ավագանու թեկնածուներ, ավագանիներով փորձելու ենք տեղական ժողովրդավարության մշակույթը ձևավորել, բյուջեի նկատմամբ վերահսկողություն սահմանել և փորձել ավագանու աշխատանքը այնքան լավ կազմակերպել, որ սպասվող 2017-ի խորհրդարանական ընտրություններում թե «Լուսավոր Հայաստանի» բրենդը, թե ավագանու կողմից իրականացված աշխատանքը բերի նրան, որ մենք լրջագույն ձայներ կարողանանք ստանալ նշված համայնքներում»,-ընդգծեց Մարուքյանը:

Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը արդեն հաստատված է, այն կազմված է 35 անդամից: Այն գլխավորում է Քրիստ Մարուքյանը՝  Վանաձոր համայնքի քաղաքապետի թեկնածուն:

«Վանաձորում մինանշանակ է, որ ոչ թե հաղթելու շանսեր ունենք, այլ հենց մենք էլ հաղթելու ենք: Որովհետև բոլոր մեր ուսումնասիրությունները և այլ կուսակցությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այնտեղ հանրապետական կուսակցությունը պարտվելուէ  և հաղթելու շանսը պատկանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը»,-վստահորեն նշեց Մարուքյանը:

Անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին՝ Մարուքյանը ընդգծեց, որ իրենք համագործակցում են ԳԱԼԱ կուսակցության հետ:

«Գյումրիում իրավիճակն այլ է. մանրամասն ուսումնասիրություններ ենք իրականացրել. երկու արտակարգ հնարավորություն ենք ունեցել առանձին ցուցակով մասնակցելու, ուժեղ թեկնածույով հանդես գալու, բայց մեր հաշվարկներով դա բերելու էր նրան, որ լավագույն դեպքում ունենալու էինք խմբակցություն Գյումրի համայնքում: Գյումրիում համագործակցում ենք ԳԱԼԱ կուսակցության հետ, «Լուսավոր Հայաստանը» միակն է, որը ԳԱԼԱ-ի ընտրական ցուցակում ունի ավագանու թեկնածուներ: Կարևոր է, որ ԳԱԼԱ կուսակցությունը հաղթի Գյումրիի ՏԻՄ ընտրություններում: Գյումրի խնդիրները ԳԱԼԱ-ն ավելի լավ է պատկերացնում, քան մենք՝ որպես նորաստեղծ կուսակցություն»,-պարզաբանեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» գալիք ՏԻՄ ընտրություններում ներկայացվել է ՀՀ 5 մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Արմավիրում, Լոռիում և Շիրակում:

«Ընդհանուր համայնքի ղեկավարի 7 թեկնածու ունենք. Սյունիքի Սիսիան քաղաքում, Տավուշի Նոյմեբերյան, Այրում և Ճոճկան համայնքներում, իսկ Արմավիրում և Ջրառատում մեկական թեկնածուներ»,-նշեց Թանդիլյանը:

Կուսակցության ավագանու ցուցակը բաղկացած է 53 անդամից, որոնց մեծ մասը՝ 35-ը Վանաձորի ցուցակում են: 18 ավագանու անդամներն այլ ընտրատեղամասերում են՝ Լոռիում, Տավուշում և Գյումրիում:

«Ջրառատում երկար տարիներ հաղթում է իշխանական թեկնածու, և մենք այսօր իսկապես ունենք լուրջ թեկնածու՝ Արման Ղուկասյանը,  ով բոլոր հնարավորություններն ու պոտենցիալը ունի այնտեղ հաղթելու: Հաջորդ շեշտադրումը, որ ուզում եմ անել Սիսիանի քաղաքապետի առաջադրումն է,  ով միակ կին թեկնածուն է, որ այսօր առաջադրվում է որպես համայնքի ղեկավար»,- հավելեց Թանդիլյանը:
Print this window