Շատ հարցերի պատասխաններ և գլխավոր հարցադրում
Նոյեմբեր 03, 2016
Վանաձոր, Գյումրի, Երևան, Հայաստան։

Որպեսզի հասկանանք, թե ինչ է մեզ սպասում 2017թ-ի ընտրություններում, մի երկու բառով նկարագրեմ  մեր երեք խոշոր համայնքներում կիրառվող ընտրական մոդելը։

Վանաձոր, Գյումրի, Երևան քաղաքներում կիրառվող ընտրական մոդելը, ճիշտ է, իրավական տեսանկյունից ունի թերացումներ, բայց ամենակարևորն՝ այդ մոդելի էությունն ուղղակի զավեշտ է։

Հիմա ուշադիր։ Վանաձոր քաղաքում ՀՀԿ+ՀՅԴ միասին հավաքել են 15 մանդատ (50+1% կազմում է 17 մանդատ)։ Հիմա ավելի ուշադիր։ Եթե ՀՅԴ-ն չհաղթահարեր 6% շեմը և չանցներ Ավագանի, ապա ՀՀԿ-ն միայնակ  կստանար 17 մանդատ։ Հզոր է, չէ՞։

«Մեխանիզմը» հետևյալն է, եթե Դաշնակցությունը փոշիացներ իր ձայները, այն համամասնորեն  կգումարվեր շեմը անցած կուսակցություններին (մեր պարագայում առավելապես ՀՀԿ-ին) և ՀՀԿ-ն կունենար 40%, որից հետո ՀՀԿ-ին կգումարվեր ևս 10% բոնուս և այն կունենար բացարձակ մեծամասնություն։  Եվ սա տեսական մտորումներ չեն, այս ամենը տեղի ունեցավ Գյումրիում։

Հիմա իրավական թերությունների վերաբերյալ։ Օրենքի մի կետով հստակ գրված է, թե ոնց է բաշխվում Ավագանու մանդատները, բայց հաջորդ իսկ կետում գրված է, որ այն ուժը, որը մանդատների բաշխումից հետո հավաքում է 40% ստանում է հավելյալ բոնուս։ Բայց չի գրված ու՞մ հաշվին։ Այսինքն՝ գրված չէ թե ո՞նց պետք է վերաբաշխվեն մանդատները ։
 
Այժմ գանք Երևան։ Թվում էր, որ մայրաքաղաքում ընդդիմությունը լուրջ ճակատամարտ կարող է տալ ՀՀԿ-ին, բայց արի ու տես՝ այստեղ էլ են հաշվարկել։ Երևանի ընտրությունները տեղի են ունենալու 2017թ-ի մայիսին, այսինքն մեկ ամիս ԱԺ-ի ընտրություններից հետո։ Չբացատրեմ, թե ինչ է դա նշանակում ֆինանսների և մարդկային ռեսուրսների տեսանկյունից, միայն նշեմ, որ հասարակության մի ստվար զանգված ԱԺ-ի ընտրություններից հուսալքված նույնիսկ չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։

Իսկ հիմա հարց, իսկ ինչու՞ է հասարակությունը հուսալքվելու ԱԺ-ի ընտրություններից։

Որովհետև այն 100% մեծամասնական ընտրություններ են և խնդիրը այստեղ «Ռեյտիգի» մեջ չէ։ Ռեյտինգային համակարգն ինքնին շատ լավ բան է, եթե այն կիրառվի մեկ ընդհանուր համապետական ցուցակի վրա։ Բայց մեր մոտ այդպես չէ, լինելու է համապետական նախընտրական ցուցակ առանց Ռեյտինգի (լավ տղաների ցուցակ, ովքեր կարիք չունեն ռեյտինգավորման) և նաև 13 ընտրատարածքներ և ամեն ընտրատարածքում լինելու է առանձին նախընտրական ցուցակ, որը ենթարկվելու է ռեյտինգի։ Խնդիրը հենց այդ ընտրատարածքների առկայությունն է։ Քանզի ամեն մի ընտրատարածքում կցված է լինելու մեկ կամ երկու օլիգարխ, որոնք ամբողջովին ապաքաղաքականացնելու են ընտրությունները։ Եվ նորից կրկնեմ իմ միտքը, որ ընտրական փիլիսոփայությունից ելնելով, այս մոդելը 100% մեծամասնական է։ Իսկ մեծամասնական համակարգում ընդդիմությունը միշտ եղել է շատ թույլ։ Որպեսզի պատկերացնեք, ապա ասեմ, որ նախորդ ԱԺ-ի ընտրություններում գոյություն ուներ 41 մեծամասնական ընտրատարածք։ Բոլոր տեղերում հաղթել է իշխանական թեկնածուն, բացառությամբ մեկ ընտրատարածքի, որտեղ Էդմոն Մարուքյանը հաղթել է ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանին։

Եվ վերջին, և գուցե ամենակարևոր հարցս։ Ընդդիմությունն ունի՞ առնվազն 13 թեկնածու, ովքեր  Էդմոն Մարուքյանի պես կարող են ձեռնոց նետել տեղական իրականությանը։ Այսինքն՝ ոչ թե նստել գրասենյակներում և խելացի ելույթներ ունենալ հեռուստատեսությամբ, այլ տեղերում շփվել բանվոր դասակարգի, մտավորականների, կրիմինալի, «լավ ու վատ» տղաների, գժերի, երիտասարդության, տատիկ և պապիկների հետ։ Բայց ոչ միայն շփվել, այլ նաև համոզել, որ իրենք ավելի վստահելի են, քան օլիգարխ Պողոսը։

Այս ամենը մտածել է իշխանությունն ի դեմս այս գլուխգործոցի գլխավոր ճարտարապետ Հրայր Թովմասյանի։ Հիմա մտածելու հերթը մերն է։

Մտածենք միասին։ 

Հարգանքով
Գրիգորի Դոխոյան
Print this window