1996–2017 Մեկ մարդու ընտրություն
Ապրիլ 27, 2017
Իմ կարծիքով ՀՀ քաղաքացիները չպետք է վախենան բարձրաձայնել, թե ում են ընտրելու ընտրությունների ժամանակ, դրանով իսկ առողջ կարծիք ձևավորելով ընտրական գործընթացի շուրջ։

Ինքս երբեք չեմ թաքցրել, թե ում եմ ընտրելու։

Ամեն ինչ սկսվեց 1996թ․, երբ առաջին անգամ իրավունք ստացա մասնակցել ընտրություններին։ Վանաձորցի երիտասարդ ուսանող էի՝ բավականին հեռու քաղաքական անցուդարձից, և միակ բանը, որ կապում էր ինձ քաղաքականության հետ, դա այն մեկ - երկու ժամն էր, որ դիտում էի հեռուստատեսություն։ Քարոզարշավի ընթացքում եթերը ամբողջությամբ լցված էր Լևոն Տեր-Պետրոսյանով՝ խելացի ու գրագետ ելույթներով, այլ երկրների առաջնորդների հետ հանդիպումների կադրերով։ Մի խոսքով, Վանաձորը տեղեկատվական բլոկադայի մեջ էր։ Եվ ես՝ երիտասարդ վանաձորցի ուսանողս, իմ ձայնը տվեցի Լևոնին։ Բայց այն կեղծիքը, որը տեղի ունեցավ 1996թ․, ստիպեց ինքս ինձ խոստում տալ, որ այլևս երբեք չեմ նպաստելու իշխանությունների վերարտադրությանը։

Շուտով եկավ 1998թ։ Հավատարիմ մնալով իմ խոստմանը՝ ընտրեցի Կարեն Դեմիրճյանին։

Եվ քանի որ ինքս հեռու էի քաղաքականությունից, ապա 2001թ․ քաղաքականությունը զբաղվեց ինձանով։ 2001թ․ դեկտեմբերին ասպիրանտուրայից ինձ անօրինական զորակոչեցին բանակ։ Իմ ճակատագրին արժանացան տարբեր բուհերից մոտ 40 ասպիրանտ։ Այդ ասպիրանտներից էր նաև մի շատ լավ երիտասարդ՝ Արտյոմ Սարգսյանը, ում դաժանաբար սպանեցին բանակում։ Մի օր ես մանրամասն կանդրադառնամ մեր բարձրաստիճան քաղաքական գործիչների անօրինական գործունեությանը։ Բայց առայժմ սահմանափակվեմ այսքանով և հայտնեմ, որ 2003թ․ նախագահական ընտրությունների ժամանակ ես ծառայում էի Հայոց Բանակում։

Եվ այսպես, ընտրություններ բանակում։
Բավականին շատ սպաներ կային, ովքեր ունեին ընդդիմադիր հայացքներ և ինձ հետ ազատ կիսվում էին դրա մասին։ Բայց ընտրություններից մեկ օր շուտ գնդի հրամանատարը հավաքեց սպաներին. ինչ ասեց, չգիտեմ, բայց այդ ժողովից հետո սպաները սփրթնած էին: «Ընդդիմադիր» սպաները անգամ չէին նայում իմ աչքերի մեջ՝ թաքցնելով վախեցած հայացքները: Ու այդ պահին ես մտածում էի. «Այդ վախվորած սպաները ինչպես են կռվելու թուրքի դեմ»: Ժամեր չանցած ինձ իր մոտ  կանչեց իմ վերադաս հրամանատարներից մեկը՝ կոչումով մայոր․
-   Պ-ն մայոր, ավագ Դոխոյանը ներկայացել է Ձեր հրամանով:
-   Դոխոյան ջան, հասկանում ես չէ՞, երկրի վիճակը ինչ խառնա, տարբեր կողմերից շրջապատված ենք թշնամիներով ․․․․․․
Հանգիստ լսելով վերադասիս լոլոները՝ պատասխանեցի.
-   Պ-ն մայոր, բացառվում է, որ ես ընտրեմ Ռոբերտ Քոչարյանին:
-   Դոխոյան, բա չե՞ս վախում զեկուցեմ հրամանատարին:
-   Ձեր իրավունքն է, ուզում եք զեկուցեք ՊՆ նախարար Սերժ Սարգսյանին:
-   Ազատ ես Դոխոյան:
 
Մյուս օրն առավոտ շուտ, ես կատարեցի իմ ընտրությունը: Ցավոք, զինվորների մեծամասնությունը՝ վաշտ առ վաշտ, ընտրում էր «Կառուսել» համակարգով: Ընտրատեղամասից վերադառնալով զորամաս` որոշ զինվորների խորհուրդ տվեցի, որ փչացնեն իրենց կառուսելի քվեաթերթիկը կամ քվեաթերթիկի վրա գրեն Կառուսել: Բայց կառուսելը դա դեռ ամենը չէր: Արդեն քվեարկած մեկ վաշտ նստեցրին ավտոբուս և տարան դեպի գոսպիտալին կցված ընտրատեղամաս՝ կրկնաքվեարկության: Կեցցե ազատ և արդար ընտրությունները:
Ես ինքս ընտրել էի Արամ Կարապետյանին: Հիմա կհարցնեք ինչու՞:  Չգիտեմ, ծառայելու ընթացքում ժամանակ չկար խորանալու նախընրական քարոզարշավի մեջ, երևի, համարեցի, որ նոր դեմք է քաղաքական դաշտում:
Ընտրությունների երկրորդ փուլն անցավ նույն սցենարով: Դե ես էլ, համաձայն իմ խոստմանը՝ ոչ մի ձայն իշխանությանը, ընտրեցի Ստեփան Դեմիրճյանին: Երկրորդ փուլից հետո մեկ վաշտ, մարտական զինված, տեղափոխվեց Երևան: Երևի, հասկացաք, թե ինչի համար:ՃՃՃՃ
 
Այնուհետև եկավ 2008թ.: Համարելով, որ և Լևոնը, և Սերժը մեր երկրի կեղծարար մեքենայի կնքահայրերն են, ես իմ ձայնը տվեցի Վազգեն Մանուկյանին, ինչ-որ տեղ նաև ուղղելով 1996թ․ կատարած իմ սխալը:  

Վերջին նախագահական ընտրություններում 2013թ․ ընտրեցի Ռաֆֆի Հովաննիսյանին:


Իսկ հիմա նույն տարեթվերով, բայց ԱԺ-ի ընտրությունների վերաբերյալ:

1995թ․ իրավունք չունեի քվեարկելու և ընդհանրապես անտեղյակ էի պրոցեսից:

1999թ․ չնայած բնակչության մի մեծ հատված ոգևորված էր «Միասնություն» դաշինքով /Կարեն Դեմիրճյան – Վազգեն Սարգսյան/, բայց ես թերահավատ էի և չմասնակցեցի այդ ընտրությանը:

2003թ․ ԱԺ ընտրություններին մասնակցել եմ ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու ընթացքում: Նախագահական ընտրությունների համեմատ լարվածությունը  զորամասում բավականին թուլացել էր: Եվ հրամանատարությունը սահմանափակվել էր «ԶամՊոլիտի»-ի ոգեշնչող ճառերով:
Տեղամասից 150 մետր հեռավորության վրա, վաշտ առ վաշտ, հնչում էր նույն ճառը, որ այս դժվարին և խառը ժամանակահատվածում միայն ՀՀԿ-ն կարող է լավ կառավարել մեր երկիրը, և, ի վերջո, մի հատ համեմատեք Հայաստանը Վրաստանի ու Ադրբեջանի հետ ու ինքներդ կհամոզվեք...
Ծիծաղելի տեսարան էր: Բայց կար նաև առաջընթաց: Բացակայում էր Կառուսելը:ՃՃՃՃ
Այդ ընտրություններում ընտրել եմ Արդարություն դաշինքը:

2004թ․երբ արդեն վերադարձել էի ծառայությունից, մասնակցեցի ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի սպանության գործով դատավարության մի քանի նիստերի, որոնք անցնում էին Աշտարակում: Այդպիսի դաժան օրեր շատ քիչ են եղել իմ կյանքում: Հայկական բանակում սպանված զինվորների ծնողները միշտ իրար հետ մասնակցում են իրենց երեխաներին վերաբերվող բոլոր դատավարություններին: Եվ, տեսնելով նոր մարդ, ամեն մեկն ինձ պատմում էր իր երեխայի սպանության պատմությունը: Սարսափելի էր այդ ամենը լսել: Եվ հենց այդ ժամանակ մտածեցի, որ պետք է զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի փոխել այս համակարգը:

2005թ․ ես դարձա Ազգային Ժողովրդավարական Կուսակցության անդամ: Մի ուժ, որն ինձ սովորական բնակչից բերեց սարքեց մի քաղաքացի, ով ուներ երկրի ապագայի տեսլական, գաղափարներ, մոտեցումներ: Այդ գաղափարներն ու մոտեցումները մինչ օրս իմ ելակետն են: Շատ շնորհակալ եմ ԱԺԿ-ին, և դրա համար, և նաև ձեռք բերած ընկերների համար, հատկապես ուզում եմ նշել Դուստրիկ Մխիթարյանին և Աշոտ Ավետիսյանին։ Նրանցից շատ բան եմ սովորել և այժմ էլ շարունակում եմ սովորել:
Այս ամենը պատմեցի, որ ասեմ, որ 2007թ․ ԱԺ ընտրություններում ընտրել եմ ԱԺԿ-ին:

2012թ․ սկզբից մտածում էի ընտրել Ժառանգությանը, բայց երբ Ժառանգությունը անհասկանալի դաշինք կազմեզ Ազատ Դեմոկրատների հետ, որոշեցի մի մեծ խաչ քաշել համամասնական քվեաթերթիկիս վրա: Իսկ մեծամասնականով ընտրեցի այն ժամանակ ինձ անծանոթ Էդմոն Մարուքյանին: 

2013թ․ 8 տարվա անդամությունից հետո ես դուրս եկա ԱԺԿ-ից և դիրքավորվեցի հանգիստ ու անշառ քաղաքացիական դաշտում:
 
2015թ․ իմ ընկերների հետ միասին, ովքեր ունեին այն նույն գաղափարները, ինչն ունեի նաև ես, ստեղծեցինք Լուսավոր Հայաստան Կուսակցությունը:

Այնուհետև, 2016թ․ վերջում ստեղծեցինք ԵԼՔ դաշինքը:
Եվ քանի որ ԵԼՔ դաշինքի ժողովներն անցնում էին բավականին թեժ, թվում էր, թե դաշինքն երկար չի դիմանա: Բայց ԵԼՔ-ում կա մի զարմանալի երևույթ․ այդ հավասարազոր ուժերի դաշինքում մենք միշտ կարողանում ենք գալ կոնսենսուսի, և պատճառը երևի նրանում է, որ բոլորս ունենք մեկ ցանկություն՝ Հայաստանում իրականացնել դրական փոփոխություններ:

2017թ․ ԱԺ ընտրություններում ես ըտրեցի ԵԼՔ դաշինքը՝ ռեյտինգավորելով  Գևորգ Գորգիսյանին:

Ահա և վերջ:
 


P.S. Այս պատմական էքսկուրսից եզրահանգեցի, որ առաջին անգամն է, որ նույն անունով և նույն մարդկանցով դաշինքն երկրորդ անգամ մասնակցում է ընտրությունների: Միշտ փլուզվել են առաջին իսկ փորձության դեպքում:
Print this window