ԴԵՄ ԵՄ – «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման արդյունքում առաջ եկող հիմնախնդրներ
Նոյեմբեր 15, 2013
Ձեզ ենք ներկայացնում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման արդյունքում առաջ եկող հիմնախնդրների ցանկը:

1. Օրենքում սահմանված պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է: Օրենքի պարտադիրության սկզբունքը խախտում է Սահմանադրության 8-րդ հոդվածով ամրագրված անձի սեփականության իրավունքը, 31-րդ հոդվածով ամրագրված անձի ազատությունը և 14.1-րդ հոդվածով ամրագրված խտրականության դեմ արգելքի մասին դրույթները: Օրենքը նաև խախտում է սահմանադրական մեկ այլ սկզբունք՝ անձանց սոցիալական վիճակը չի կարող վատթարանալ բարեփոխումների արդյունքում: Սահմանադրությամբ սահմանվում է նաև, որ քաղաքացու կողմից իրականացրած վճարների տնօրինումը պետությունը պարտավոր է վերցնել իր վրա, իսկ տվյալ օրենքով այդ ֆոնդերի տնօրինումը տրվելու է մասնավոր կազմակերպությունների:

2. Օրենքը սահմանում է տարիքային խտրականություն, որի հետևանքով գործատուներին ավելի ձեռնտու կլինի աշխատանքի ընդունել մինչև 1974թ-ը ծնվածներին: Սա նաև Սահմանադրության 14.1 հոդվածի խախտում է:

3. Օրենքը արհեստականորեն խնդիրներ է առաջացնում գործատուի և աշխատողի միջև, քանի որ, նվազեցնելով փաստացի աշխատավարձը՝ հարկադրում է գործատուին ավելացնել աշխատավարձը կամ նվազեցնում է աշխատողի վարձատրությունը իր կատարած աշխատանքի դիմաց, որը նվազեցնելու է աշխատողի աշխատանքային կատարողականությունը:

4. Պետության կողմից 5%-ի վճարումը պետբյուջեից կամ քաղաքացու կողմից վճարած գումարների վրա միայն գնաճին հավասար տոկոսագումար վճարելը անտրամաբանական է, քանի որ պետբյուջեն նույնպես գոյանում է քաղաքացիների հարկերից:

5. Պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը հիմնվում է պետբյուջեի վրա, որը նույնպես անտրամաբանական է, քանի որ քաղաքացուց գանձված մի գումարով երաշխավորվում է գանձված մյուս գումարի ապահովությունը:

6. Մեծ խնդիր է ֆոնդերի տնօրինումը օտարերկրյա, առավել ևս, մասնավոր կազմակերպություններին տրամադրելը, որը կնպաստի գումարների երկրից դուրս գնալուն և մեծ ռիսկեր կստեղծի դրանց կորստի համար: Օրենքում շատ են թերի ձևակերպումները ընդհանրապես ֆոնդերի կառավարման և նրան թափանցիկության առումով:

7. Հաշվի առնված չէ այլ երկրների դառը փորձը, որոնք կանգնել են այդ ֆոնդերի կորուստի առաջ, գրանցել են մեծ կորուստներ և պարտադրված վերադարձել են նախկին համակարգին:

8. Հաշվի առնված չեն դեֆոլտի կամ այլ տնտեսական ճգնաժամերի դեպքում գոյություն ունեցող ֆինանսական ռիսկերը: Նման իրավիճակներում պետությունն ի վիճակի չի լինելու իր ստանձնած երաշխավորությունները իրականացնել նույնիսկ՝ ողջ բյուջեի հաշվին: Օրենքը երաշխավորում է ֆոնդերի միայն 80 տոկոսը այն էլ պետբյուջեի միջոցների հաշվին:

9. Հաշվի առնված չեն աշխատաշուկայի ռիսկերը: Օրինակ՝ գյուղատնտեսության կամ նման այլ ոլորտների աշխատողները չեն ընդգրկվելու այդ նախագծի մեջ:

10. Հայտնի չեն չաշխատող մարդկանց կենսաթոշակների գոյացման մեխանիզմները:

11. Հաշվի առնված չեն աշխատող կանանց երեխա ունենալու դեպքում չվճարումների հետևանքով առաջ եկած խնդիրները: Արդյունքում, սա նպաստելու է ծնելիության նվազմանը: (Իսկ չաշխատող կանանց դեպքում ոչ մի օրենքով նախատեսված չէ նրանց սոցիալական խնդիրների պաշտպանվածությունը երեխաներ ունենալու և պահելու համար: Նրանք զրկված են այն բոլոր արտոնություններից, որոնք ունեն աշխատող կայանք և չկա դրանց փոխհատուցող որևէ այլ համակարգ: Դա հանգեցնում է դեմոգրաֆիական մեծ խնդիրների:)

12. Այս վճարը գանձվելու է նաև նվազագույն աշխատավարձից, որը սահմանում է մարդու կարիքների բավարարման նվազագույն շեմը: Արդյունքում չի ապահովվում օրենքով սահմանված նվազագույն շեմը: Սա նվազագույն աշխատավարձը հարկելու մեկ այլ դրսևորում է:

13. Այս օրենքը նաև անուղղակիորեն նպաստելու է ստվերային տնտեսության աճին, քանի որ խրախուսում է մարդկանց պաշտոնապես ամրագրել նվազ աշխատավարձ հարկային մեծ բեռից խուսափելու համար:

14. Տվյալ պահին մարդկանց սոցիալական բեռի ավելացումը կնպաստի նաև հերթական արտագաղթի ալիքին: Եվ խնդիրը ոչ միայն բեռի ծանրության մեջ է, այլև իշխանության նկատմամբ անվստահության չափաբաժնի մեծացման մեջ:

15. Նման կարևորություն ունեցող և համաժողովրդական բնույթի հարցերը պետք է դրվեն հանրային քննարկման: Որոշում ընդունելու համար էլ պետք է անցկացնել նաև հանրաքվե, քանի որ փոփոխվում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների ֆինանասկան ճակատագիրը:

16. Հաշվի առնված չէ ընտանեկան բյուջե գաղափարը: Այսինքն, ընտանիքի ընդհանուր եկամուտը և ծախսերը ըստ անձերի քանակի: Դրա փոխարեն միայն հիմք է ընդունվում անձի ամսական եկամուտը, ինչը այս օրենքի պարագայում անհավասար ֆինանսական արդյունքների է հանգեցնում:

17. Հաշվի առնված չեն մարդկանց ընթացիկ աշխատանքային և վարկային պարտավորությունները և հեռանկարային վարկային նպատակները: Սա նշանակում է առկա վարկային և աշխատանքային հարաբերություններին պետության կողմից ուղղակի միջամտում, քանի որ կատարվում է աշխատավարձի իջեցում և քանի որ մարդիկ, ովքեր արդեն ստանձնել են վարկային պարտավորություններ, հարկադրված են փոփոխել դրանք՝ հաշվի առնելով հարկային այս լրացուցիչ բեռի ավելացումը:

18. Օրենքն ուղղակիորեն խրախուսում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը, քանի որ թոշակի գումարը ստանալու համար արտերկրում բնակվող անձը պետք է հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից: Երկքաղքացիություն կիրառող երկրի համար սա անտրամաբանական է և ոչ իրավաչափ:

19. Այս լրացուցիչ ֆինանսական բեռը ստիպելու է նաև անհատ ձեռներեցներին և գործարարներին կատարել իրենց մատուցած ծառայութունների գների բարձրացում, քանի որ մի մասը հարկադրված է լիելու բարձրացնել աշխատավարձերը: Այսինքն, տեղի կունենա հերթական գնաճ առանց այն էլ ամենօրյա գնաճ ունեցող երկրում:

20. Գանձումը իրականացվելու է չհարկված գումարից, այսինքն՝ աշխատավարձի չհարկված չափից, որից հետո թոշակ ստանալուց գումարները կրկին հարկվելու են: Սա չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ:

21. Չկա վստահություն, որ այդ գումարները քաղաքացիները հետ են ստանալու այնպես, ինչպես ներկայացնում է կառավարությունը: Օրենքի կամավոր կիրառումը միայն կարող է վստահություն առաջացնել մարդկանց մոտ, այլ ոչ թե կառավարության հավաստիացումները: Նույնիսկ Օրենքի պարադիր կիրառությունից մեկ երկու ամիս առաջ բացակայում է հստակ տեղեկատվություն մեր գումարները կառավարող ֆոնդերի մասին: Նման համակարգեր ներդնելուց առաջ պետք է վերականգնել վստահությունը կառավարական կառույցների հանդեպ, ինչը չի կարող արվել միայն հայտարարություններով:

22. Քաղաքացու կողմից անհայտ ֆոնդերին վճարվող գումարների դիմաց քաղաքացին չի ստանում շուկայական – բանկային տոկոսադրույք, որը նա կարող էր ստանալ իր գումարն իր ընտրությամբ ազատորեն ներդնելու հնարավորություն ունենալու դեպքում, այսինքն ստանալու ենք բանկային տոկոսից ցածր տոկոս:

23. Քաղաքացուն ընձեռնված է ֆոնդ ընտրելու սահմանափակ իրավունք, որը նա կարող է իրականացնել շատ կարճ ժամկետում գրավոր եղանակով, ուստի այդ ժամկետում որևէ գործողություն չանելու դեպքում քաղաքացու փոխարեն ընտրությունը կատարելու է պետական մարմինը, սա ըստ էության քաղաքացուն ընձեռնված ձևական իրավունք է, որի իրականացման պայմանները այն վերածում են գրեթե անիրականանալի՝ փաստացիորեն պետական մարմնին տալով քաղաքացու փոխարեն ֆոնդ ընտրելու հնարավորությամբ:

24. Սահմանված տոկոսները անհիմն բարձր են և չեն կարող լինել պարտադիր: Մարդ իրավունք ունի կամավոր ընտրել բարեկեցիկ կենսաթոշակ ստանալ կամ չստանալը, քանի որ պետությունը պարտավոր է ապահովել նվազագույն կենսաթոշակ: Բնականաբար նվազագույն թոշակի ապահովման համար պիտի լինեն պարտադիր մուծումներ, որոնք և բոլոր քաղաքացիները անում են սոց. վճարի տեսքով: Իսկ բարեկեցիկ, այսինքն՝ նվազագույնից ավել թոշակ ստանալու համար պետք է լինի կամավոր վճարումների համակարգ, այլ ոչ թե պարտադիր: Ընդ որում մինչ այժմ այդ նվազագույն կենսաթոշակի ապահովման համար բոլորը կատարել են սոց. վճարումներ համաձայն սերունդների համերաշխության սկզբունքի: Եվ այդ մուծումները հիմա էլ շարունակելու ենք կատարել՝ ուղղակի միասնական եկամտային հարկի տեսքով, երբ եկամտահարկը և սոց վճարը միավորվեցին միասնական եկամտային հարկ անվան տակ:

25. Սահմանված տոկոսները անտրամաբանական են, քանի որ 1974թ-ի ծնվածն էլ է մուծում 5-10%, 18 տարեկան, նոր աշխատաշուկա մտնողն էլ է մուծելու 5-10%: Առաջինը մուծելու է 23 տարի երկրորդը 40: Անհամաչափությունն ակնհայտ է:

Եվ այս ցանկը շարունակելի է:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

Print this window