Դիմում եմ «Դեմ եմ» թիմին. Առաջիկա ընտրություններում ես իմ Ձայնը տալու եմ …
Հունիս 27, 2014
Հարգելի «Դեմ եմ» -ի տղաներ և աղջիկներ, նախ ուզում եմ հայտնել իմ Շնորհակալությունը Ձեզ, որ առաջնորդում էք “Կուտակայինի” դեմ պայքարը և առաջ տանում մեր բողոքի ծանր կազմակերպչական բեռը։ Հիմա կասեք, պայքարը դեռ չի ավարտվել ․․․, այո, համաձայն եմ, բայց հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է գնահատել անցած ճանապարհը և մշակել ապագա քայլերի ռազմավարությունը։

Ամենևին էլ չթերագնահատելով Կուտակայինի դեմ պայքարը (և նմանատիպ այլ պայքարներ)՝ երևի բոլորս էլ հասկանում ենք, որ պայքարում ենք ածանցյալ խնդիրների դեմ։ Հանկարծ ոչ մեկ չմտածի, որ այդ ածանցյալ խնդիրների դեմ պայքարելն անիմաստ է, ընդհակառակը, այդ պայքարն է, որ դաստիարակում է պահանջատեր, նոր մտածելակերպով ՀՀ քաղաքացի։ Բայց քանի դեռ չենք վերացրել ծնող պատճառը, դոփելու ենք տեղում։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ Ձեզ սահմանել պայքրի ավելի բարձր նշանաձող՝ նպաստել, որպեսզի Հայաստանում ձևավորվի լիգիտիմ և հասարակության համար հասկանալի իշխանություն։

Տվյալ պահին այդ խնդրին հասնելու համար Հայաստանում գոյություն ունի երկու ճանապարհ՝ մեկը առաջարկում է «Նախախորհրդարանը», այն է` դնել մեզ համակարգից դուրս և նախապատրաստվել ազգային ազատագրական պայքարի, և մյուս ճանապարհը՝ փորձել ընտրությունների միջոցով ձևավորել իշխանություն։ Իհարկե, կարելի է շատ վիճել, թե որ ճանապարհն է ճիշտ մեր այսօրվա իրականության համար, բայց, իմ կարծիքով, ամենևինել չբացառելով առաջին տարբերակը,մենք պետք է շարժվենք երկրորդով։ Ինչ է դա նշանակում․

1․ «Դեմ եմ» թիմը պետք է ստանձնի լոկոմոտիվի դերը առաջիկա ընտրությունների արդարության ապահովման առումով։

2․ «Դեմ եմ» թիմը պետք է նաև մեր հասարակությանը մատուցի իրական ազատ ընտրության իրավունք, քանզի արդար ընտրությունները կլանների միջև դա դեռ ԱԶԱՏ ընտրություն չէ, դա կարող է լինել արդար, բայց ոչ ազատ։ Իսկ դրա համար «Դեմ եմ» թիմն ինքը պետք է առաջադրվի կամ սատարի որևէ արժանի թեկնածուի։

Ասեմ, որ ես «Դեմ եմ» թիմում տեսնում եմ և Երևանի քաղաքապետներ,և կուռ պառլամենտական մեծամասնություն և ՀՀ նախագահներ, ասեմ ավելին, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, մեծ բավարարվածությամբ իմ Ձայնը կտամ «Դեմ եմ» –ին։ Այդպիսի ուժի պահանջարկը կա նաև իմ ամբողջ շրջապատում՝ և Վանաձորում, և Երևանում, նաև չզարմանաք, բայց ասեմ, որ նույնիսկ իմ որոշ ՀՀԿ-ական ընկերներն ու մտերիմները նույնպես պատրաստ են ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տալ «Դեմ եմ»-ին։

Տվյալ պահին մեր հասարակությունը ունի նոր թարմ ուժի կարոտ։

Մի փոքր պատմական էկսկուրս։ Երևի գիտեք, որ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքը հանդիսացել է և հանդիսանում է մեր ընտրական իրականության բացառությունը, և այդ ընտրատարածքի ընտրություններով կարելի է կատարել որոշ եզրակացություններ։ 2012թ-ի Ազգային Ժողովի ընտրություններում այդ ընտրատարածքում հաղթել է ՀՀԿ-ն, քանզի պայքարը գնում էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև և հասարակության համար ՄԵԾ առումով ոչ մի տարբերություն չկար, բայց նույն ընրատարածքում մեծամասնականով հաղթել է բոլորին անհայտ ոչ իշխանական թեկնածու  Էդմոն Մարուքյանը, քանզի մարդիկ զգացին նոր շունչը, նոր մտածելակերպը։ Ճիշտ է, կարող եք հակադարձել, որ գոյություն ուներ Դալաքյանի բացասական գործոնը: Լավ։ Բայց մեկ տարի չանցած` արդեն 2013թ-ին նախագահական ընտրություններում, այդ նույն ընտրատարածքում, որտեղ հաղթել էր ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը տանում է ջախջախիչ պարտություն (օրինակ իմ տեղամասում գրեթե կրկնակի) և այս ամենը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արձանագրված պաշտոնական տվյալներով (Վանաձորի 58 տեղամասերից 56-ում Սերժը պարտվել է, այն երկու տեղամասն էլ կցված են եղել զորամասերին)։  

Ասածս ինչ է՝ երբ պայքարը գնում է անցյալի և ներկայի միջև, հասարակության լայն շերտերը քվյարկում են անտարբեր կամ ընդանրապես չեն մասնակցում, բայց երբ խոսքը գնում է ներկայի և նորի միջև, ապա նորը հաղթում է և այդ նորի արտացոլումն ապագա ընտրություններում պետք է լինեք Դուք։

Հիմա անելիքների մասին՝

Զուգահեռ բոլոր տիպի մեծ ու փոքր պայքարի օջախներին, լրջորեն  սկսել նախապատրաստվել առաջիկա ընտրություններին՝ և ընտրությունների վերահսկողության առումով, և ամենակարևորը տեսլականի ձևավորմամբ․ մշակել նաև այդ տեսլականին հասնելու այնպիսի կառավարման մեխանիզմներ ու մոտեցումներ , որ հասկանալի և ընդունելի լինեն մեր հասարակույան համար։


Հարգանքներով
Գրիգորի Դոխոյան
 
P.S. Իմիջիայլոց վերջին նախագահական ընտրությունների  տարբերությունը նախորդ ընտրությունների նկատմամբ կայանում է նրանում, որ ԿԸՀ-ի արձանագրված պաշտոնական տվյալներից պարզ երևում է, որ Սերժ Սարգյանը պարտվել է:
Print this window